Ուրախանա՞լ, թե՝ոչ:

by garikpoghosyan2011

Այն, որ Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված ցանկացած նշանակալի քայլ[i] Ադրբեջանում հանդիպում է հակազդեցության և իրարանցում առաջացնում, փաստ է. Լեռնային Ղարաբաղի`որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչման գործընթացը ոչ միայն հարվածում է հակամարտության կարգավորման ուրույն տարբերակն աշխարհին մատուցելու Ադրբեջանի ռազմավարության արդյունավետությանը և հարցականի տակ դնում դրա առանց այն էլ խոցելի ճշմարտացիությունը, այլև Արցախն ավելի է մոտեցնում բանակցային սեղանին, ինչից Բաքուն ակնհայտորեն խուսափում է[ii]:

Այդպիսի մի օրինակ է Արցախի միջազգային ճանաչմանն ու քաղաքական մեկուսացման հաղթահարմանն ուղղված մի իրադարձություն, որի հետևանքներին`դրական, թե բացասական, դժվար է միանշանակ գնահատական տալը. արդյո՞ք անհրաժեշտ է հայկական կողմի (մենք միտումնավոր չենք օգտագործում հայկական կողմեր բառակապակցությունը) համար որպես ձեռքբերում կամ առաջընթաց դիտարկել միջազգային քաղաքական ասպարեզում բոլոր այն տեղաշարժերը, որոնք ադրբեջանցիների զայրույթն են առաջ բերում: Արդյո՞ք Ադրբեջանի և Հայաստանի պետական շահերը մշտապես հակասում են իրար և ինչո՞վ է դա պայմանավորված: Երկրորդ հարցի պատասխանը, մեր համոզմամբ, դրական է .առանց Արցախի հիմնահարցի կարգավորման և հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարության որդեգրած հայատյաց քաղաքականությունն իր բոլոր քաղաքական, քարոզչական աբսուրդային դրսևորումներով`դժվար է պատկերացնել մի իավիճակ, երբ Երևանն ու Բաքուն կարող են համաձայնության գալ փոխադարձ շահերի հիման վրա:

Իհարկե, քաղաքակիրթ աշխարհում(քաղաքակիրթ բառի կիրառումը կապված չէ քաղաքակիրթ աշխարհը Եվրոպայի կամ Արևմուտքի հետ նույնացնելու հայ հասարակության որոշակի հատվածի մեջ ցավալիորեն արմատացած կարծրատիպի հետ) ընդունված է համագործակության եզրեր գտնել այն պետությունների և վարչակարգերի հետ, որոնք թշնամական հարաբերություններ ունեն կամ խորքային տարաձայնություններ: Այդպիսի օրինակներից է Հնդկաստանի և Պակիստանի միջև համագործակցությունը չնայած Քաշմիրի հակամարտության առկայությանը կամ ԱՄՆ-Իրան հարաբերություններում վերջին դրական տեղաշարժերը, որոնք մինչև անգամ տարակուսելի իրավիճակ են ստեղծել արաբական աշխարհում[iii]:

Հետևաբար, Հայաստանի ձգտումը ուղղված տարածաշրջանում կայունության հաստատմանը, գործնական նշանակություն ունի միայն հայկական բանակի թելադրողի դիրքերից հանդես եկող միավորի տեսակետից, քանի որ Ադրբեջանի վերոնշյալ քաղաքական կեցվածքը անհնարին է դարձնում կոնֆլիկտի հետ ուղղակի առնչություն չունեցող հարցերի շուրջ կողմերի համագործակցությունը:

Այնուամենայնիվ, վերոբերյալ մտքից չի հետևում, որ հայկական կողմի համար դրական զարգացում է միջազգային կամ տարածաշրջանային կառույցների կողմից Արցախի ճանաչմանն ուղղված ցանկացած քայլ, որն առաջ է բերում Ադրբեջանի դժգոհությունը, այլապես հայկական կողմի հասարակական դիրքորոշումը կարող է դառնալ ադրբեջանցիների դրական կամ բացասական տրամադրությունների գերին, ինչը և՜ վտանգավոր է, և՜ անհեռատես, և՜ զուրկ է քաղաքական նպատակահարմարության հիմնավորվածությունից:

Վերադառնալով վերլուծության մեր բուն նպատակին` անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Արցախի Ժողովրդավարական կուսակցության» անդամակցությունը «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցությանը ասոցացված անդամի կարգավիճակով[iv], որքան էլ հուզական առումով ոգևորիչ և դրական քայլ է, քաղաքական նպատակահարմարության տեսակետից պարունակում է, մեր համոզմամբ, վտանգավոր տարրեր, որոնք կարող են օգտագործվել Ադրբեջանի կողմից հակամարտության էությունը խեղաթյուրելու և Եվրոպայում այս հարցի շուրջ դաշնակիցներ ձեռք բերելու համար:

Այսպես, համաեվրոպական այս դաշինքի մաս են կազմում Կատալոնիայի և Շոտլանդիայի անկախական կուսակցությունները նույնպես[v], ինչը հիմք է հանդիսանում վերոնշյալ երկրամասերի և Արցախի միջև զուգահեռներ անցկացնելու համար: Բնական է, որ հայկական դիվանագիտության կողմից ամենայն հավանականությանմբ դրական համարվող այս տեղաշարժը նպատակ է հետապնդում Արցախը դասել ինքնորոշման համար պայքարող եվրոպական սուբյեկտների կողքին, սակայն արդյո՞ք հաշվի են առնվել այն հնարավոր ծուղակները, որոնք կարող են գործի դրվել հայկական կողմի դեմ:

Նախ, Կատալոնիայի, Շոտլանդիայի և Արցախի հարցերը պատմականորեն տարբեր են. Եթե Արցախը բռնակցվել է Ադրբեջանին երրորդ կողմի՝ սովետական իշխանության կամքով և միջամտությամբ, ապա Կատալոնիայի և Շոտլանդիայի՝ համապատասխանաբար Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի մաս կազմելու, կամ ավելի հստակ նրանց հետ միություն ձևավորելու որոշումները կայացրել են հենց Կատալոնիան և Շոտլանդիան, հետևաբար նրանց դեպքում առնվազն բացակայում է բռնակցման կետը : Ավելի կոնկրետ՝<<արդեն Խորհրդային Հայաստանի մաս հռչակված Լեռնային Ղարաբաղը ԱդրԽՍՀ սահմաններն է մտցվել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի երրորդ երկրի կուսակցական մարմնի>>[vi] կողմից, մինչդեռ Կատալոնիան Իսպանիայի մաս է կազմել միության ճանապարհով, երբ Հովհաննես Երկրորդ թագավորի որդի Ֆերդինանդն ամուսնացել է Կաստիլիայի թագուհի Իզաբելի հետ 1469-ին[vii], իսկ Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի մաս է կազմել 1707 թվականին կնքված Միության ակտով, որ վավերացվել է շոտլանդական և անգլիական պառլամենտների կողմից Միացյալ Թագավորությունը ստեղծելու նպատակով[viii]: Հատկանշական է, որ Արցախի բռնակցումը հայկական դիվանագիտության կարևորագույն հաղթաթղթերից կարող է համարվել բանակցային գործընթացում, մինչդեռ Կատալոնիայի և Շոտլանդիայի հետ հնարավոր համեմատությունները և զուգահեռները միգուցե մեղմացնում կամ վնասում են բռանկցման մասին հայկական կողմի հիմնավոր փաստարկները երրորդ կողմերի հետ քննարկումներում և քարոզչական աշխատանքում: Մեր համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի խնդիրն ավելի մոտ է Գերմանիայի վերամիավորմանը, թեպետ ակնհայտ են նաև տարբերությունները (ԳԴՀ-ն կազմավորումից հետո չի բռնակցվել որևէ երկրի): Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը ոչ միայն ինքնորոշման հարց է , այլև Արցախի և հետևաբար Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, քանի որ ադրբեջանական կողմը <<ԼՂԻՄ-ը հիմնել է ԼՂ մի մասի վրա, նրանից դուրս թողնելով երկրամասի մեծ մասը(Քարվաճառ, Քաշաթաղ, Շահումյան, Կովսական և այլն)>>[ix]:

Ի պատասխան Կատալոնիայի և Շոտլանդիայի անկախական ձգտումների, Մադրիդը և Լոնդոնը շարունակաբար բարձրացրել են նրանց ինքնավարության աստիճանը, մինչդեռ Հայաստանի հետ վերամիավորման արցախցիների իրավական և պատմականորեն արդար պահանջին ի պատասխան Բաքուն դիմեց ուժի՝ էթնիկ զտումներ և ագրեսիա հրահրելով: 1991 թ-ի վերջին խորհրդային զորքերը հեռացան Լեռնային Ղարաբաղից, իսկ 1992 թ-ին սկզբին արդեն հայկական Խրամորտ գյուղը Աղդամի ուղղությամբ հարձակման ենթարկվեց[x]: Փաստորեն, մի կողմից եվրոպական վերոնշյալ երկրամասերի, մյուս կողմից Արցախի միջև որևէ համեմատություն անելը, անգամ ազգերի ինքնորոշմանը հղում անելու պարագայում, անուղղակիորեն Իսպանիան և Մեծ Բրիտանիան Ադրբեջանի հետ միևնույն հարթության մեջ է դնում՝դրանից բխող ուղղակի և անուղղակի հետևանքներով: Սա ոչ միայն աննպատակահարմար է, եթե նկատի ունենանք Հայաստանի համար այս կարևոր եվրոպական երկրների հետ հարաբերությունները, այլև կարող է ակամայից օգնել ադրբեջանական դիվանագիտությանը շահել Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների համակրանքը Արցախի հարցում, մանավանդ այն դեպքում, երբ Իսպանիայում Կատալոնիայի անկախական պահանջները դիտվում են որպես սեպարատիզմ՝ անջատողականություն[xi]:

Այնուամենայնիվ, խնդիրների և ազգային ձգտումների բնույթին վերաբերվող տարբերություններն այսքանով չեն սահմանափակվում. կատալոնացիները և շոտլանդացիներն ապրում են իրենց քաղաքացիության երկրների սահմանադրական կարգն ընդունելով, մինչդեռ արցախցիները երբեք անկախ Ադրբեջանում չեն ապրել, հետևաբար կաշկանդված չեն Ադրբեջանի սահմանադրությամբ և օրենքներով իրենց ազգային իրավունքները պաշտպանելու հարցում: Ի լրումն ամենի, եթե Արցախի բնակչությունը տասնամյակներ շարունակ ենթարկվել է խտրական քաղաքականության, ապա Շոտլանդիան կենտրոնական կառավարությունից անհամաչափ ֆինանսական հատկացումներ է ստանում[xii], իսկ Կատալոնիան Իսպանիայի տնտեսական լոկոմոտիվն է: Կարևոր ենք համարում մատնանշել այն փաստը, որ Շոտլանդիան և Կատալոնիան չեն անջատվել մայր հայրենիքից և վերամիավորման խնդիր չունեն. Նրանց անկախական ձգտումներն, ըստ էության, տարբերվում են Արցախի հիմնախնդրի ծագումից, պատմական ընթացքից և տրամաբանությունից: Հետևաբար, չկան պատմական, քաղաքական, իրավական խորքային ընդհանրություններ եվրոպական երկրամասերի և Արցախի միջև, բացի, թերևս, ինքնորոշման իրավունքից, որի իրացման հիմքերն ու քաղաքական հանգամանքները, ինչպես ի ցույց դրվեց, էականորեն տարբերվում են:

Բլոգում տեղ գտած նյութերն արտատպել արգելվում է:

Concordia-4      19.04.2015

[i]  California State Assembly Recognizes Artsakh’s Indepdendence

http://asbarez.com/122870/california-state-assembly-recognizes-artsakh%E2%80%99s-independence/

[ii] Azerbaijan Hinders Negotiation Process

http://news.az/articles/11877

[iii] Juan Cole: Can the Arab World Live With the US-Iran Nucleur Deal

http://www.thenation.com/blog/203857/can-arab-world-live-us-iran-nuclear-deal

[iv] Արցախը Միանում է ԵՄ Քաղաքական Կառույցներին

http://civilnet.am/2015/04/17/nkr-karabakh-democratic-party-of-artsakh-european-free-alliance/#.VTN1xSGqqko

[v] European Free Alliance

http://www.e-f-a.org/whos-who/member-parties/

[vi] Ալեքսանդր Մանասյան: ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ՚ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՓԱԹԵԹ: ԵՐԵՎԱՆ: ՏԻԳՐԱՆ ՄԵԾ:2008 էջ 4

[vii] Encyclopedia Britannica: Catalonia http://www.britannica.com/EBchecked/topic/99096/Catalonia/276004/History

[viii]  Act of Union http://www.parliament.uk/about/living-heritage/evolutionofparliament/legislativescrutiny/act-of-union-1707/

[ix] Ալեքսանդր Մանասյան: ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ՚ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՓԱԹԵԹ: ԵՐԵՎԱՆ: ՏԻԳՐԱՆ ՄԵԾ:2008 էջ 5

[x] ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒՅԹՈՒՆ Պետականության կայացումը դարերի սահմանագծում, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, 2009, էջ 19

[xi]  Procesos Separatistas

http://www.eitb.eus/es/noticias/politica/detalle/2552552/rajoy-cataluna-escocia–dice-son-torpedo-ue/

[xii]  Scotland in numbers

http://www.bbc.com/news/uk-scotland-24866266

Advertisements