ԼՈԻՅՍ-Ի ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

by garikpoghosyan2011

«Լույս»  հիմնադրամի գործունեությունը  վերջին տարիներին Հայաստանում մեծ նշանակություն ունեցող դրական փոփոխությունների  շարքին կարելի է դասել. ժամանակակից աշխարհում, որտեղ միջազգային որակի առաջատար մասնագետների համար լուրջ մրցակցություն է առաջանում պետությունների միջև, ՀՀ-ն աշխարհի լավագույն համալսարանների կրթությունը ստանալու հնարավորություն է ստեղծում ոչ միայն իր քաղաքացիների, այլև օտարերկրկա քաղաքացի ազգությամբ հայերի համար: Դժվար է թվել գաղափարի բոլոր դրական կողմերն ու առավելությունները՝ Հայաստանի զարգացման հավակնոտ ծրագիր լինելուց մինչև համազգային միասնության առարկայական դրսևորում[1]:

Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած նախաձեռնություն, այնպես էլ վերոնշյալ նախագիծը զարգացման և փոփոխման կարիք ունի՝շարունակաբար բարելավվելու և առավել ընդգրկուն դառնալու նպատակով, մանավանդ որ ծրագիրն արդեն որոշակի զարգացման ճանապարհ է անցել՝համագործակցային կրթաթոշակներ նախաձեռնելով բրիտանական «Չիվնինգ» և Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրերի հետ[2]:

Ուստի, ընթերցողի ուշադրությունն ենք  հրավիրում «Լույսի» կրթաթոշակային ծրագրի երկու կողմի վրա, որոնք, մեր խորին համոզմամբ, վերանայման կարիք ունեն:

Առաջին, «Լույս» հիմնադրամի կրթաթշակներ ստանում են աշխարհի տասը լավագույն համալսարաններ ընդունված անձինք: Բայց արդյո՞ք ցանկն արտահայտում է տարբեր մասնագիտությոյւնների գծով ՀՀ քաղաքացիների կամ արտասահմանում բնակվող հայերի մասնագիտական-կրթական որակները և ձեռքբերումները բոլոր դեպքերում : Բանն այն է, որ գոյություն ունեն ոչ միայն համալսարանների վարկանիշային ցանկեր, այլև առանձին մասնագիտությունների և հատկանշական է, որ հաճախ առանձին մասնագիտությունների գծով աշխարհի լավագույն մագիստրոսական ծրագրերն առաջարկող ֆակուլտետները ամենևին էլ լավագույն տասը համալսարաններում չեն:

Դրա լավագույն օրինակներից է «Ֆլեթչերի»  իրավունքի և դիվանագիտության դպրոցը, որը, չնայած միջազգային հարաբերությունների գծով աշխարհի լավագույն  մագիստրոսական ծրագրերից մեկն է առաջարկում, բայց ընդգրկված չէ «Լույսի» ցանկում այն պարզ պատճառով, որ Թաֆթսի համալսարանը, որի մաս է կազմում «Ֆլեթչերը» , աշխարհի առաջատար տասը համալսարանների շարքում չէ:

Այդպիսի օրինակները քիչ չեն՝ «Վարթոնի»  բիզնես դպրոցը Փենսիլվանիայի համալսարանում, «Դարդենի»  բիզնես դպրոցը Վիջինիայի համալսարանում[3], Ջորջթաունի և Ջոն Հոփքինզի համալսարանների միջազգային հարաբերությունների մագիստրոսական ծրագրերը[4], որոնք համապատասխանաբար առաջինը և երկրորդն են աշխարհում նշված ոլորտում, սակայն ընդգրկված չեն Լույսի ցանկում սոսկ այն պատճառով , որ համալսարանները, որոնք առաջարկում են այդ ծրագրերը, աշխարհի լավագույն համալսարանների տասնյակում չեն:

Հետևաբար, առաջարկում ենք «Լույսի» կրթաթոշակները հատկացնել ոչ թե համաձայն լավագույն համալսարանների վարկանիշային ցուցակի, այլ առանձին մասնագիտույթունների վարկանիշային ցուցակների, ինչի արդյունքում հայ ուսանողները հնարավորություն կունենան ուսանելու իրենց մասնագիտական ոլորտի լավագույն ծրագրերով:

Երկրորդ, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակները տրվում են ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ օտար երկրների քաղաքացի ազգությամբ հայերին: Խնդիրն այն է, որ կրթաթոշակները տրվում են ընդհանուր ծախսերի առավելագույնը 50 տոկոսի չափով, ինչը բարդացնում է ՀՀ քաղաքացիների՝լավագույն բուհերում ուսումը շարունակելու նպատակի իրագործումը: Որքան էլ գովելի և խրախուսելի է նման ծրագրերին արտասահմանյան անձնագրեր ունեցող մեր հայրենակիցների մասնակցությունը, պետք է նկատի ունենալ, որ , օրինակ, Միացյալ Նահանգներում , որտեղ և գտնվում է առաջատար բուհերի մեծ մասը, կան համալսարանական և ոչ համալսարանական բազմաթիվ կրթաթոշակային ծրագրեր նախատեսված միայն ԱՄՆ քաղաքացիների  համար[5], ինչը դյուրին է դարձնում ուսման համար միջոցներ գտնելու ԱՄՆ քաղաքացի հայերի գործը  ՀՀ քաղաքացիների՝ սահմանափակ թվով կրթաթոշակների դիմելու հնարավորության պայմաններում:

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ ՀՀ –ում սոցիալ-տնտեսական դրությունը անհամեմատ դժվար է արևմտյան երկրներում առկա պայմաններից[6], ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիները կարող են դառնալ ֆինանսապես խոցելի և դժվարություններ ունենալ: Ուստի առաջարկում ենք «Լույսի» կրթաթոշակները հատկացնել ավելի քան 50 տոկոսի չափով ՀՀ քաղաքացիների դեպքում, եթե նրանք այլ կրթաթոշակ չեն ստանում կամ, ֆինանսական դրությունից ելնելով, ինքուրույն չեն կարող ապահովել ուսման մնացած ծախսերը: Այսպիսով, «Լույսի» կրթաթոշակները կարող են համատեղել կրթաթոշակների երկու հայտնի կատեգորիա՝ ըստ արժանիքների և մրցակցային (merit-based or competitive) ու ըստ կարիքների և ֆինանսական դրության (need-based)՝միևնույն ժամանակ անուղղակիորեն խրախուսելով ՀՀ քաղաքացի լինելը:

Որպես նախորդող մտքի տրամաբանական և գործառնական նշանակություն ունեցող շարունակություն, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ քաղաքացիների՝արտասահմանյան առաջատար բուհերում «Լույսի» կրթաթոշակներով ուսում ստանալուց հետո Հայաստան վերադառնալու հարցը: Դրանով ոչ միայն արդարացված կլինի ծրագրի կողմից այլ միջոցներ չունեցող ՀՀ քաղաքացիների ուսումը ամբողջությամբ ֆինանսավորելը, այլև կրթաթոշակը կդառնա իրական ներդրում Հայաստանի զարգացման գործում:

Վերջին տարիներին նկատվում է ԱՄՆ-ում կրթություն ստացած Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիների՝իրենց երկիր վերադառնալու միտում, ինչը թերևս պայմանավորված է ասիական հսկաների տնտեսական առաջընթացով: Դրա հետևանքով, այժմ շրջանառության մեջ է դրվում նախկինում տարածված՝«ուղեղների արտահոսք» -ի (brain drain) հակոտնյան՝«ուղեղների հակառակ հոսքը» (reverse brain drain)[7]: Փաստորեն, կրթաթոշակակիրներից պահանջելով Հայաստան վերադառնալ, հիմնադրամը միջոցները կուղղի ՀՀ-ում կադրային խնդիրների լուծմանը, աշխատանքային նոր մշակույթի ձևավորմանը, որտեղ կհամադրվեն ավանդույթներն ու նորամուծությունները, ինչպես նաև մասնագիտական փորձի փոխանակմանը և որ ամենակարևորն է՝աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, տնտեսական աճին: Այլապես ստացվում է, որ եթե կրթարոշակակիրները կարող են չվերադառնալ՝ձեռք բերած գիտելիքներն ու փորձը Հայաստանում ներդնելու, հիմնադրամի միջոցներն անուղղակիորեն տրամադրվում են զարգացած երկրների համար մասնագետներ պատրաստելուն:

Կարևոր ենք համարում մատնաշել նաև միջոցներն առավել նպատակային և արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը: Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ ՀՀ-ում կան զարգացման առաջնահերթություններ, ռազմավարական ոլորտներ, որոնք պետական հոգածության կարիք ունեն: Ուստի, հարկ է հիմնադրամի միջոցները բաշխել ըստ մասնագիտությունների կարևորության՝ ավելի մեծ ռեսուրսներ ուղղելով ՀՀ տնտեսության ռազմավարական ուղղություններին: Դրանցից է ՏՏ ոլորտը[8], որին, նկատի ունենալով գործող կանոններն ու սկզբունքները, հիմնադրամի կողմից տեսականորեն այնքան միջոցներ են հատկացվում, որքան, օրինակ, միջնադարյան արվեստի պատմությանը:

Ամփոփենք. Նկատի ունենալով աշխարհի զարգացման տեմպերը՝անհրաժեշտ է համապետական և համազգային նշանակության ծրագրերը դարձնել ճկուն և դրական փոփոխությունների ճանապարհով էվոլյուցիոն (բարեշրջային) զարգացում ապրող նախագծեր: Դրան կարող են նպաստել վերոնշյալ առաջարկները, քանի որ, հիմնավորվում են կոնկրետ օրինակներով:

Concordia-4 Բլոգում տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել 25.04.2015

[1] «Լույս>> Հիմնադրամ

http://www.luys.am/am/develop-armenia-together

[2] «Չիվնինգ>> ծրագիր

http://www.luys.am/am/content/view/luys-chevening

[3] Best Business Schools

http://grad-schools.usnews.rankingsandreviews.com/best-graduate-schools/top-business-schools/mba-rankings

[4]  Foreign Policy:Best International Relations Master’s Programs

http://foreignpolicy.com/2012/01/03/the-best-international-relations-masters-programs/

[5] US Grants and Scholarships

https://studentaid.ed.gov/types/grants-scholarships

[6] Quality of Life

http://www.numbeo.com/quality-of-life/rankings_by_country.jsp

[7] HUFFINGTONPOST; Reverse Brain Drain

http://www.huffingtonpost.com/2009/02/04/reverse-brain-drain-talen_n_163913.html

[8] ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն: ՏՏ տեխնոլոգիաներ

http://www.mineconomy.am/arm/index.html

Advertisements