ՀՀ բարձրագույն կրթության մրցունակության բարձրացման բանալիներ

by garikpoghosyan2011

  Հայաստանում վերջին տարիներին մեծ թափով կրթական բարեփոխումներ են իրականացվում. բուհական եռաստիճան կրթական համակարգ, կրեդիտային գնահատում, ավագ դպրոց և այլն: Դրանց դրական ու բացասական կողմերը հաճախ են հայտնվում հասարակության ուշադրության կենտրոնում: Նպատակ չունենալով խորամուխ լինել վերոնշյալ բարենորոգումների էության, ընթացքի մեջ և չցանկանալով դրանց որևէ գնահատական տալ`փորձենք հասկանալ, թե արդյոք Հայաստանի կրթական համակարգի զարգացման այս փուլում կան ոլորտներ, որոնք արժանի են համակարգված փոփոխությունների: Անդրադառնանք կրթության մրցունակության բարձրացանն ուղղված մեր առաջարկություններին , որոնք կատարվել են միջազգային կրթական տարածությունում առկա միտումների և շեշտադրումների ուսումնասիրության հիման վրա: Նախ, կարևոր ենք համարում հայ ուսանողների համար` իրենց ոլորտի մասնագետների, ինչպես նաև օտարազգի հասակակիցների հետ շփումները, կապերի հաստատումը (networking): Այն կարևոր է ոչ միայն գիտելիքի և հմտությունների փոխանակման, այլև հետագա մասնագիտական գործունեության համար: Հաշվի առնելով միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդները, դրան հասնելու լավագույն տարբերակները կարող են դառնալ հետևյալ առաջարկները.

  • Հնարավորություն ստեղծել գործընկեր երկրների առաջատար բուհերի սահմանափակ թվով ուսանողների համար կարճաժամկետ փոխանակման ծրագրերով (exchange programs[1]) լինել Հայաստանում: Փոխանակման ծրագրերով մեծ թվով արտասահմանյան ուսանողների` իրենց երկրներում մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերով սովորելու հնարավորություն են ստեղծում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ավստրալիան, Չինաստանը, իսկ Հայաստանում զարգացող և զարգացած երկրներից ուսանողներ ընդունելու միջոցով հնարավոր է ճանաչում բերել հայկական կրթությանը, ընդլայնել հայ ուսանողների շփման դաշտը, ստեղծել մասնագիտական կապեր հաստատելու հնարավորություններ:
  • Անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ հյուրընկալել արտասահմանյան մասնագետների`դասախոսություններով (guest lectures[2]) հայկական բուհերում հանդես գալու: Այն հնարավորություն կտա հայ և արտասահմանցի դասախոսներին փորձի փոխանակման, տարբերակված մոտեցումների, մեթոդական և տեղեկատվական նորությունների միջոցով կապել Հայաստանի բուհական համակարգը արտաքին աշխարհին: Կարևոր է, որ Հայաստան ժամանած մասնագետները ներկայանան հատուկ ծրագրերով, ինչպես նաև լինեն ոչ միայն արևմտյան համալսարաններից, այլև Եվրասիայից, Մերձավոր Արևելքից, Չինաստանից և այլն:

Զարգացած երկրներում նույնպես կարևորվում է ոչ միայն արտասահմանցի ուսանողների ներգրավելով իրենց համալսարանական կրթությունն ամրացնելը, այլև իրենց ուսանողներին այլ երկրներրում կրթական փորձ ձեռք բերելու հնարավորություն տալը: Այն կարող է հետապնդել ոչ միայն մասնագիտական գիտելիքներ և փորձ ձեռք բերելու, այլև օտար լեզուներ սովորելու, միջմշակութային հաղորդակցությունը զարգացնելու նպատակ: Մասնավորապես, 2011 թ-ի դրությամբ ավելի քան 30 հազար գերմանացիներ ուսանում էին Ավստրիայում, 25 հազարը `Հոլանդիայում և միայն ինը հազարը` ԱՄՆ-ում[3], ինչը հավանաբար պայմանավորված է ամերիկյան կրթության գնով, աշխարհագրական գործոնով, ինչպես նաև հոլանդական կրթական հաստատությունների կողմից տրված կրթության լավ համբավով: Սրանից հետևում է, որ Հայաստանի բուհական համակարգի կողմից փոխանակման ծրագրերի առաջարկը կարող է ճանապարհ հարթել հեռուն գնացող ծրագրերի իրագործման, ավելի կոնկրետ` Հայաստանի բուհական կրթության ճանաչում ձեռք բերելու միջոցով վճարովի հիմունքներով օտարերկրյա ուսանողների հոսքի: Աշխարհում միջազգային ուսանողների թիվը 1999-ի 800 հազարից 2009-ին հասել է 3 միլիոնի[4], իսկ մինչև 2014-ը արդեն կանխատեսվում էր շուրջ 5 միլիոն այդ տարվա համար[5],ինչը նշանակում է օտարերկրյա ուսանողների համար մրցակցությունն ունի նաև տնտեսական նշանակություն: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի կրթական ձեռքբերումներն ու ավանդույթները, համեմատաբար մատչելիությունը, Ասիայի երկրներին մերձավորությունը, ինչպես նաև ինտեգրումը եվրոպական կրթական տարածքին նոր հնարավորություններ են ստեղծում, ապա օտարազգի ուսանողների համար կրթական նպատակների իրագործման վայր դառնալը ՀՀ համար իրատեսական է և շահավետ: Մեկ այլ խնդիր է համալսարանական և քաղաքային գրադարանների `մասնագիտական գրականությամբ հագեցածությունը: Առաջատար համալսարանների հետ մրցելու համար անհրաժեշտ է մագիստորսական և ասպիրանտական կրթություն տվող բուհերին ապահովել օտարալեզու գրականությամբ, քանի որ նոր գրականության աննախընթաց աճը իրատեսական չի դարձնում ինչպես ֆինանսական , այնպես էլ ժամանակային առումով թարգմանական գրականությամբ ապահովելը, մանավանդ , որ նոր լույս տեսնող գրքերից մի քանի օրինակ ձեռք բերելն անհնարին չէ: Հասկանալու համար նոր գրականության հրատապությունը բերենք օրինակ. յուրաքանչյուր տարի Քեմբրիջի հրատարակչությունը մի շարք նոր գրքեր է հրատարակում միայն տնտեսագիտության ոլորտում[6], իսկ դրանցից քանի՞սն են հասանելի դառնում հայ ուսանողներին` մեծացնելով հայկական բուհերի գիտահետազոտական բազան : Եվ որ ամենկարևորն է, որպես ՀՀ կրթական համակարգի`միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նշանակալի քայլ, անհրաժեշտ է ստրուկտուրալ փոփոխություն կատարել հետբուհական կրթության ոլորտում: Բանն այն է, որ ասպիրանտուրայում եռամյա կրթությունից և թեկնածուական աշխատանքը պաշտպանելուց հետո, ՀՀ-ում ստանում են գիտությունների թեկնածուի կոչում, ինչը անհասկանալի կերպով ոչ շահավետ դրության մեջ է դնում հայաստանյան գիտնականներին և հետազոտողներին: Ըստ Արևմուտքում ընդունված չափանիշների, մագիստրոսական կրթությանը հաջորդում է դոկտորական կրթությունը, որի նվազագույն տևողությունը երեք տարի է: Համալսարանի ծրագրով նախատեսված առարկաներն անցնելուց հետո, դոկտորանտուրայի ուսանողներին տրվում է գիտությունների դոկտորի թեկնածուի կարգավիճակ[7], իսկ թեզի պաշտպանությունից հետո`դոկտորի: Ստացվում է, որ Հայաստանում գիտությունների թեկնածուի որակավորումը առնվազն նոմինալ համապատասխանում է Եվրոպայում և ԱՄՆ-ում դոկտորի կոչմանը, սակայն փաստացի նշանակում է հետբուհական կրթությունը չավարտած ասպիրանտ: Փաստաթղթերում նման անհամապատասխանությունը կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանում գիտական կոչում ստացած անձանց կրթության աստիճանի ճանաչման հետ կապված, ուստի կարևոր ենք համարում հայկական կրթությունը անուղղակիորեն ստորադասող այս պրակտիկան փոխարինել գիտական աստիճանների և կոչումների համարժեքությամբ:

 

[1] International Student Exchange Programs http://www.topuniversities.com/student-info/studying-abroad/international-student-exchange-programs

[2] Faculty Focus http://www.facultyfocus.com/articles/teaching-and-learning/blessings-benefits-using-guest-lecturers/

[3] Germany’s Students Overseas http://www.iie.org/en/Services/Project-Atlas/Germany/Germanys-Students-Overseas

[4] GLOBAL:International Students http://www.universityworldnews.com/article.php?story=20090925022811395

[5] International Student Mobility in 2014 http://monitor.icef.com/2014/02/summing-up-international-student-mobility-in-2014/

[6] Cambridge University Press: Economics http://www.cambridge.org/us/academic/subjects/economics/

[7] PhD Candidate Requirements http://grad.buffalo.edu/Academics/Policies-Procedures/PHD-Candidate-Requirements.html

Advertisements