Դիտարկումներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

by garikpoghosyan2011

Հայ-թուրքական հարաբերությունները, որքան էլ հակասական և խնդրահարույց, կարևոր են կողմերի ու տարածաշրջանային խաղացողների համար, որոնց շահերի բախման կամ համագործակցության արդյունքում ձևավորված տարածաշրջանային կոնֆիգուրացիան էական ազդեցություն կունենա առաջիկա տասնամյակներում հայ-թուրքական հարաբերությունների ընթացքի վրա: Հոդվածի նպատակն է, առանց անդրադարձ կատարելու ՀՀ-Թուրքիա հարաբերույթյունների բոլոր կողմերի մանրամասն վերլուծությանը, վեր հանել վերջին տարիներին Թուրքիայի նկատմամբ ՀՀ արտաքին քաղաքականության տրամաբանությունից բխող առաջարկվող անհրաժեշտ փոփոխությունները, որոնք կարող են ՀՀ դիվանագիտությունը առավել ճկուն և միջազգային հանրության համար ընկալելի դարձնել`նպաստելով ինչպես դրա հնարավորությունների մեծացմանը, այնպես էլ առկա խնդիրների լուծմանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից որոշակիորեն կախված են ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշների հստակեցումը, ՀՀ առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորման, զարգացման, ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության քաղաքական և տնտեսական նախաձեռնություններում ներգրավվելու, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ հարաբերությունների կառուցման հնարավորությունը: ՀՀ արտաքին քաղաքականության նախաձեռնողականությունը մի կողմից թույլ տվեց բացահայտելու ՀՀ դիվանագիտության ճկունության աստիճանը, ՀՀ նախաձեռնողականության արդյունքում տարածաշրջանային զարգացումների վրա ազդեցություն ունենալու պաշտոնական Երևանի կամքը և քաղաքական հնարավորությունները : Քաղաքական դիվիդենտներ քաղելու, աշխարհաքաղաքական տարբեր ցանցերի հետ երկխոսության պատրաստակամությունն ի ցույց դնելու և Հայաստանը Արևմուտքի համար ճկուն ու վստահելի արտաքին քաղաքականություն վարող երկրի իմիջ ձևավորելուն ծառայած հայ-թուրքական արձանագրությունները, սակայն, թուրքական կողմի`հարցին լուծում տալու և հայ-թուրքական միջպետական հարաբերությունները նոր հարթություն տեղափոխելու քաղաքական կամք չցուցաբերելու[1], գործընթացից առավելագույն օգուտներ քաղելու, երրորդ կողմի պահանջները բավարարելու և կարճաժամկետ նպաստավոր դիրքի հասնելու կեցվածքով պայմանավորված՝հանգեցրեց, մեր համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղիների նոր ձևաչափով դիտարկման անհարժեշտության: Այսպիսով , հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խանգարող հանգամանքների` Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացով բացատրվող փաստարկները հօդս ցնդեցին: Կարևոր ենք համարում նաև անդրադառնալ այն հարցին, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ հարաբերությունները բարձրացրել է իրավապայմանագրային և ինստիտուցիոնալ բարձր մակարդակի, ինչը , հնարավոր է, որոշիչ դեր է խաղացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Բաքվի հավանական անուղղակի ներգրավման աստիճանի վրա: Ավելի կոնկրետ`2010 թ.-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի`Բաքու կատարած այցի ժամանակ ստորագրվել է «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության պայմանագիր»[2]: Թեպետ պաշտոնական Երևանն այդպես էլ չհայտարարեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցնելու մասին, հստակ էր, որ ՀՀ արտաքին քաղաքականության համար առաջնային էր դառնում Թուրքիայի հանրապետության հետ իրավահավասար գործընկերության հաստատումը առանց որևէ նախապայմանի , ինչն արդեն վկայում էր ՀՀ արտաքին քաղաքականության ՝Թուրքիայի նկատմամբ դրսևորած բարիդրացիական , կառուցողական և պրագմատիկ դիրքորոշման մասին: Ըստ էության , արձանագրությունները, իրենց քննադատների օբյեկտիվ և սուբյեկտիվ մեկնաբանությունների, հայկական և թուրքական զանազան քաղաքական և հասարակական ուժերի դիրքորոշումների, քննարկումների, քննադատության թիրախում գտնվելուց զատ, ինչպես նաև դրանց՝Թուրքիայի կամ Հայաստանի համար դիանագիտական, քաղաքական, իրավական հնարավոր ծուղակներ, տարընթերցումներ պարունակելուց բացի Երևանին և Անկարային հնարավորթյուն էին ընձեռում հարաբերությունների կարգավորման հասնելու մի կողմից առանց նախապայմանների, մյուս կողմից առանց հնարավոր նախապայմանները հարաբերությունների կարգավորումից հետո միջպետական հարաբերությունների կամ միջազգային քաղաքական օրակարգ բերելու հնարավորթյունից բացահայտ հրաժարվելու: Այնուամենայնիվ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ էին միջազգային հանրության ավելի մեծ ջանքեր, որոնց բացակայության պայմաններում կողմերը ներքին և արտաքին ազդակների ճնշմամբ արձանագրությունների կյնաքի կոչումը մտցրեցին թակուղի, իսկ թուրքական ապակառուցողականությունն, ըստ էության, տապալեց գործընթացը: Միջազգային հանրության ոչ բավարար ներգրավվածության օրինակ է Միացյալ Նահանգների `արձանագրությունների ստորագրմանը հաջորդած քաղաքականությունը, քանի որ  այն «վատ էր հաղորդակցվում Թուրքիայի և Երևանի հետ ու չուներ անհրաժեշտ ներգրավվածություն օժանդակելու երկու երկրներում վավերացման գործընթացին»[3] Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ հարաբերութունների կարգավորման և Հայաստանի ապաշրջափակման արդյունքում Թուրքիան հնարավորություն էր ստանում ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ներկայացնել որպես բարիդրացիություն դիվանագիտական հարթակներում՝խուսափելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, մինչդեռ ՀՀ հնարավորություն էր ստանում շարունակելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, քանի որ փաստացի չէր հրաժարվում դրանից: Փաստորեն, հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչվելու դեպքում մի կողմից փոխում էին տարածաշրջանում ուժերի ներկայիս դասավորությունը, մյուս կողմից` թույլ էին տալիս ՀՀ-ին և Թուրքիային չհրաժարվելու իրենց արտաքին քաղաքականության որդեգրած սկզբունքներից: Հետևաբար, հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու թուրքական կողմի պատրաստակամության բացակայությունը, առանց ներքաղաքական զարգացումներին, դրդապատճառներին անդրադարձ կատարելու, կարելի է որակել որպես թուրքական պետության անհեռատեսության հերթական դրսևորում, քանի որ ՀՀ դիվանագիտության ջանքերը` հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ բացահայտեցին թուրքական քաղաքական էլիտայի իրական դիրքորոշումը ՀՀ նկատմամբ, այն է՝ հասնել Հայաստանի կողմից միակողմանի զիջումների Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի, հայ-թուրքական սահմանային հարցերի, նյութական և տարածքային փոխհատուցման , և մասնավորապես Արցախի հակամարտության մասով, ինչը, բնականաբար, անհեռատես մոտեցում է: Ուստի, կարևոր ենք համարում հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը դիտարկել վերջին տարիների տարածաշրջանային , ինչպես նաև վերջին գլոբալ քաղաքական զարգացումների և աշխարհաքաղաքական գործընթացների ուղեծիրում՝դուրս բերելով, մեր կարծիքով, այն սկզբունքները, որոնք ի վիճակի են լրացնելու Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունները կարգավորելու, գլխավորապես Հայաստանի շրջափակմանը վերջ դնելու ուղղությամբ ՀՀ դիվանագիտության և իշխող էլիտայի ձեռք բերած փորձը և ուղենշելու ՀՀ դիվանագիտության այն մարտավարական քայլերը, որոնք կարող են ապագայում հիմք հանդիսանալ ՀՀ՝Թուրքիայի նկատմամբ որդեգրած նոր քաղաքական կուրսի: Այսպիսով , առաջարկում ենք դիտարկել հետևյալ քայլերը և սկզբունքները, որոնք կարող են ընդունվել որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս ձևաչափերի լրացնող տարրեր կամ այլընտրանքային միջոցներ.

  • ՀՀ-ն պետք է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված իր քաղաքականությունը պայմանավորի ոչ թե Թուրքիայի հետ իր հարաբերությունների համատեքստում առկա խնդիրների քննարկման անհրաժեշտությամբ և միջազգային հանրության ուղղակի կամ անուղղակի ներգրավմամբ, միջնորդությամբ կամ ճնշումներով պայմանավորված քաղաքական իրականությամբ, դրան որևէ կերպ նպաստելու քաղաքական շահադրդմամբ, այլ հայկական սփյուռքի պահանջով՝ ուղղված ՀՀ դիվանագիտությանը, քանի որ «Սփյուռքի կառույցները ավելի մարտական են տրամադրված, քան հանրապետությունն ինքը այս հարցում»[4]: Այսպիսով, ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում կդրվի սփյուռքահայության շահերը հայկական սփյուռքի ակնկալած ձևաչափով որպես միջազգային սուբյեկտ պաշտպանելու և զարգացնելու գաղափարը, եթե իհարկե , դրանք խորքային հակասության մեջ չեն ՀՀ և ՀՀ քաղաքացիների կենսական նշանակություն ունեցող անվտանգային. քաղաքական և տնտեսական շահերի հետ կամ չեն հանդիպում ՀՀ հասարակական շերտերի լայն և կազմակերպված դիմադրության (ինչը քիչ հավանական ենք համարում՝հաշվի առնելով Հայաստան-Սփյուռք կապերը, հայության նպատակները և խնդիրները, միևնույն ժամանակ գիտակցելով ՀՀ արտաքին քաղաքականությունը սփյուռքահայության պահանջներով և տեսլականով չկաշկանդելու անհրաժեշտությունը):
  • ՀՀ արտաքին քաղաքականության ՝Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված քայլերը անհրաժեշտ է ներկայացնել որպես մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի մաս, ինչն  առավել ընկալելի կլինի միջազգային հանրության համար՝ի դեմս մեծ տերությունների և միջազգային կազմակերպությունների, քան պատմական արդարության վերականգման պնդումը, որը կարող է տարընթերցվել: Կարևոր է մատնանշել, որ այս մոտեցման հիմքում ընկած է հենց միջազգային իրավունքը, մասնավորապես`ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը պատժելու և կանխելու կոնվենցիան[5]: Ի լրումն դրա, պատմական արդարության վերականգնումը մի կողմից աղոտ ներկայացնում է հայոց պահանջատիրության առկայությունը ՀՀ արտաքին քաղաքականության երկարաժամկետ ռազմավարության մեջ, մյուս կողմից սահմանափակում է դրա քաղաքական և իրավական նշանակությունը՝խնդիրը պատմականորեն ձևավորված բարդ հարաբերությունների, ազգամիջան տարաձայնությունների դաշտ տեղափոխելով:
  • Անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը չի ենթադրում Հայաստանի կողմից Թուրքիային հնարավոր տարածքային պահանջներ ներկայացնելու առաջին քայլ: Ըստ էության ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու հարցը կախված է ոչ թե Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումից, այլ ՀՀ տնտեսական, քաղաքական, ռազմական, ժողովրդագրական վիճակից և դրանով պայմանավորված ՀՀ քաղաքական ու աշխարհաքաղաքական կշռից ու հնարավորություններից, ինչը նկատի ունենալով իրատեսկան չէ ակնկալել հայկական պահանջատիրության՝ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը հռչակելու ձգտումը կամ ցանկությունը իրականություն դարձնելը առաջիկա տասնամյակներում:
  • Վերջին շրջանում Իսլամական պետության կողմից Մերձավոր Արևելքում անտիկ պատմամշակութային արժեքների ոչնչացումը[6], եզդիների և քրիստոնյաների մասսայական սպանությունները հատկապես կարևոր են ցեղասպանության դատապարտումը մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում դիտարկելու տեսանկյունից. Դառնալով մարդկության դեմ հանցագործությունների, ռասսայական և էթնիկական հողի վրա բռնությունների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեմ միջազգային գիտական, իրավական, քաղաքական հարթակներում պայքարի առաջամարտիկ՝ՀՀ-ը պետք է մշակի ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման, փոխհատուցման և կանխարգելման համապարփակ ռազմավարություն՝անդրադառնալով ոչ միայն ընթացիկ բռնությունների զոհ դարձած խմբերին հումանիտար օգնություն տրամադրելու, նրանց ֆիզիկական գոյության պաշտպանության և իրավունքների վերկանգման հարցին միջազգային կազմակերպություններում ընթացք տալու խնդրին, այլև ապահովելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության արդիականությունը, միջազգային և իրավական-քաղաքական նշանակությունը: Հատկանշական է, որ հումանիտար համագործակցությանը կարելի է տարածաշրջանային և միջազգային բնույթ հաղորդել: Վերջին զարգացումները, մասնավորապես` Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորումը[7] հնարավորությունների պատուհան են բացում ՀՀ համար`ներգրավվելու իրանա-ամերիկյան համագործակցության դաշտում ոչ այնքան դիտորդի, այլ նախաձեռնողի կարգավիճակում: Քանի որ մարդկային անվտանգությունը առավել նշանակալի օրակարգային հարցի վերաճելու միտում ունի, ՀՀ դիվանագիտությունը կարող է հանդես գալ բազմակողմ ֆորմատով նման համագործակցության հաստատման ջատագովի դիրքերից`խրախուսելով երկկողմ և բաղմակողմ շփումները: Դրան կարող է նպաստել մարդկային անվտանգության կոնցեպտի բնույթը. «որպես մարդակենտրոն գաղափար (կոնցեպտ) մարդկային անվտանգությունը անհատին դնում է վերլուծության կենտրոնում: Հետևաբար, այն դիտարկում է պայմանների լայն շրջանակ , որոնք վտանգում են գոյատևումը, ապրուստը և արժանապատվությունը և որոշակիացնում է այն շեմը, որից ներքև մարդկային կյանքն անտանելիորեն վտանգվում է»[8]:

Հետևաբար ՝առաջարկում ենք վերոնշյալ դիտարկումները և առաջարկությունները դարձնել ՀՀ արտաքին քաղաքականության ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման իրավական-քաղաքական իմաստի և նշանակության հիմնավորումներ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը տարանջատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Հայաստանի շրջափակման քաղաքական կուրսից, ցուցաբերել համապարփակ և համակարգային մոտեցում՝շաղկապելով Հայոց ցեղասպանության ճանաչումը մարդու իրավունքների պաշտպանության գլոբալ օրակարգի հետ, ինչպես նաև հետամուտ լինել պատմական իրադարձությունների խեղաթյուրման ճանապարհով զոհի կերպար ձևավորելու ՀՀ հարևան երկրների միջազգային քարոզչական արշավները կանխելուն և միջազգային հանրությանը 20 դարի սկզբի և վերջի իրադարձությունների իրական պատկերին ծանոթացնելուն:

[1] Bilateral Relations:MFA of the RA

http://www.mfa.am/en/country-by-country/tr/

[2] Relations Between Turkey and Azerbaijan

http://www.mfa.gov.tr/relations-between-turkey-and-azerbaijan.en.mfa

[3] Carnegie Endowment for International Peace:Diplomatic History: The Turkey-Armenia Protocols

http://carnegieendowment.org/2012/04/17/diplomatic-history-turkey-armenia-protocols

[4] The Armenian Genocide-the Guardian Briefing

http://www.theguardian.com/news/2015/apr/16/the-armenian-genocide-the-guardian-briefing

[5] Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide

https://treaties.un.org/doc/Publication/UNTS/Volume%2078/volume-78-I-1021-English.pdf

[6] Porque El Estado Islamico Destruye El Patrimonio Cultural de Irak ?

http://www.bbc.com/mundo/video_fotos/2015/03/150306_video_nimrud_estado_islamico_destruccion_wbm?ocid=socialflow_facebook

[7] Iran Nucleur Deal

http://www.bbc.com/news/world-us-canada-33636922

[8] Human Security in Theory and Practice: United Nations Trust Fund For Human Security, p7

https://docs.unocha.org/sites/dms/HSU/Publications%20and%20Products/Human%20Security%20Tools/Human%20Security%20in%20Theory%20and%20Practice%20English.pdf

Advertisements