Էթնիկ լոբբին և ՀՀ արտաքին քաղաքականության հնարավորությունները

by garikpoghosyan2011

Կախված քաղաքական մշակույթի առանձնահատկություններից`հատկապես վերջին տասնամյակներում արևմտյան որոշ երկրներում քաղաքական կյանքի անբաժան մաս են դարձել էթնիկ խմբերի շահերը ներկայացնող կազմակերպությունները, որոնք առավել ընդհանրական անվանում ունեն`էթնիկ լոբբի: Խոսքը մասնավորապես ԱՄՆ-ում և որոշ եվրոպական երկրներում գործող հայկական, հրեական,կուբայական, հունական, ասորական, լեհական, իռլանդական ծագում ունեցող քաղաքացիների ստեղծած կազմակերպությունների մասին է, որոնք, ըստ իրենց քաղաքական նպատակների ու համայնքային ինքնության առանձնահատկությունների, համարում են, որ նպաստում են իրենց պատմական հայրենիքի հետ կապված կամ իրենց պատմական հայրենիքում գոյություն ունեցող խնդիրների վեր հանելուն, կարգավորելուն:

Բնական է, որ լավ կազմակերպված համայնքները, որոնց հաջողվել է այս բնագավառում հասնել հաջողությունների դա անում են իրենց համայնքային հնարավորույթյուններից ելնելով: «Եվ պատահականություն չէ, որ ամերիկահայերի, կուբայական, հունական, հրեական ծագմամբ ամերիկացիների առաջատար լոբբիները ներկայացնում են տնտեսապես ամենահաջողակ ամերիկյան էթնիկ խմբերը»[1]:

Հայտնի է, որ ԱՄՆ-ում գործող  առաջատար լոբբիստական կազմակերպությունների ցուցակը թերևս գլխավորում է AIPEC-ը[2]`Ամերիկա-իսրայելական հանրային հարցերի կոմիտեն, իսկ երկրորդը`Հայ դատի գրասենյակը կամ ANCA-ն[3]: Կան նաև այլ ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող, կամ ավելի ճիշտ`այդպիսի նպատակներ հետապնդող կազմակերպություններ: Դրանցից է Ամերիկայի հելլենական ինստիտուտը, որը ստեղծվել է 1974-ին Թուրքիայի`Կիպրոս ներխուժումից հետո [4]:

Փաստ է, որ վերոնշյալ կազմակերպությունների գործունեությունը հաճախ տվել է կողմերի համար ցանկալի արդյունքներ, ինչի մասին են վկայում Իսրայելին տրված ԱՄՆ ռազմական և քաղաքական, ֆինանսական[5] աջակցության ծավալները, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի`Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը, որով սահմանափակվում է ԱՄՆ օժանդակությունը Ադրբեջանին, քանի դեռ վերջինս վարում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված քաղաքականություն[6], անկախությունից ի վեր Հայաստանին ու Արցախին տրված ֆինանսական աջակցությունը (ԱՄՆ-ի կողմից ԼՂ-ին առաջին անգամ  ուղղակի օգնություն է տրվել 1998-ին[7]) կամ օրինակ ամերիկյան նահանգների բացարձակ մեծամասնության  կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը[8]:

Այնուամենայնիվ, վերջին աշխարհաքաղաքական տեղաշարժերը հստակ ցույց են տալիս, որ ամերիկյան քաղաքական էլիտան առաջնորդվում է բացառապես սեփական տեսլականով և պատկերացումներով`երբեմն հաշվի չառնելով լոբբիստական կառուկցների տեսակետը, ինչը հարցեր է առաջացնում նմանատիպ կազմակերպությունների`ԱՄՆ քաղաքական դաշտում ունեցած տեղի և դերի մասին:

Հայտնի է, որ ԱՄՆ-ում ակտիվորեն քաղաքականության մեջ ներգրավված համայնքներից մեկը`կուբայականը, շարունակաբար պաշտպանել է կոմունիստական Կուբայի նկատմամբ ԱՄՆ վարած քաղաքականությունը և ընդդիմացել ամերիկա-կուբայական հարաբերությունների կարգավորմանը նախքան Կուբայի ժողովրդավարացումը, սակայն ԱՄՆ-ի և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն արդեն փաստ է[9]:

Մեկ այլ օրինակ է ԱՄՆ-Իրան հարաբերությունների բարելավումը Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին, ինչին ընդդիմանում է ամենահզոր հրեական լոբբիստական կազմակերպությունը`AIPEC-ը: Վերջիններիս կարծիքով միջուկային համաձայնությունը «կհեշտացներ, ոչ թե կկանխեր Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը և առավել կամրացներ ու կհզորացներ ահաբեկչության առաջատար հովանավոր պետությանը»[10]: Այդուհանդերձ, մեզ հայտնի չէ արդյոք բոլոր ամենաազդեցիկ հրեաներն են դեմ եղել գործարքին, թե՞ ոչ:

Վերոնշյալ երկու օրինակները, մեր կարծիքով, ՀՀ արտաքին քաղաքականության արդյունավետության մասին ընկալումների վերաբերյալ փոփոխված եզրահանգումների գալու հիմք են հանդիսանում: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մի կողմից անուղղակիորեն ներկայացվում է որպես ՀՀ դիվանագիտության և Սփյուռքի համատեղ ջանքերի արդյունք, այն դեպքում, որբ ակտիվ հայկական համայնք չունեցող և ոչ մի երկիր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը , հետևաբար ՀՀ դիվանագիտության արդյունավետությունն այս հարցում հստակ չէ, մյուս կողմից` լրատվամիջոցների ներկայացրած` հայկական կազմակերպությունների հաջողությունները կարող են ընկալվել որպես լոբբիստական կառույցների չափազանց ազդեցիկ լինելու ցուցիչ`դրանից բխող սխալ քաղաքական հաշվարկների, ծուղակների և ձախողումների հետ առնչվելու հնարավորությամբ:

Այսպիսով, առաջարկում ենք սահմանել արտասահմանում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ հարաբերությւոնների նոր, ֆորմալ, իրավաքաղաքական ձևաչափ`փոխադարձ պայմանավորվածությունների և համաձայնեցված գործողությունների որոշակիացման բարձր աստիճանով: Դրա արդյունքում հնարավոր կլինի խուսափել կողմերից մեկի աշխատանքի արդյունավետությունը, ազդեցությունը գերագնահատելուց կամ թերագնահատելուց, ինչպես նաև շահերի, նպատակների, առաջնահերթությունների տարբեր, երբեմն իրար հակասող լինելու դեպքում կհանդիսանա համագործակցության ու երկխոսության հարթակ ՀՀ դիվանագիտության և հայկական լոբբիի համար:

[1] Brookings: Getting Uncle Sam’s Ear: Will Ethnic Lobbies Cramp America’s Foreign Policy Style: http://www.brookings.edu/research/articles/2002/12/winter-diplomacy-lindsay

[2] AIPEC : http://www.aipac.org/

[3] ANCA: http://www.anca.org/

[4] American Hellenic Institute: http://ahiworld.org/about-ahi/ahi-history.html

[5] US Aid To Israel: https://www.jewishvirtuallibrary.org/jsource/US-Israel/U.S._Assistance_to_Israel1.html

[6] Section 907 of the Freedom Support Act: http://karabakhfacts.com/section-907-of-the-freedom-support-act-public-law-102-511/

[7] US Direct Assistance To Nagorno Karabagh: http://www.nkrusa.org/position_papers/us_assistance.shtml

[8] Nevada Recognizes the Armenian Genocide: http://armenpress.am/eng/news/802011/executive-of-nevada-state-usa-recognizes-armenian-genocide.html

[9] US-Cuba Reopen Embassies: http://edition.cnn.com/2015/07/20/politics/cuba-u-s-embassies-opening/

[10] Urge Congress to Oppose the Bad Deal with Iran: http://www.aipac.org/learn/legislative-agenda/agenda-display?agendaid=%7B109F35BE-5BAA-4B28-A16F-CD0C01E50BE0%7D

 

Advertisements